Կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունները շարունակում են մնալ թիվ մեկ քննարկման թեման։ Զանգվածային լրատվամիջոցներում, սոցցանցերում չեն դադարում հանրային քննարկումները։ Ոլորտի մասնագետները, մտավորականները կողմ-դեմ գնահատականներ են հնչեցնում։ Բողոքի ակցիաներն ուղեկցվում են կրթական չափորոշիչների վերանայման, ընդհուպ ԿԳՄՍ նախարարի հեռացման պահանջով։
«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի համաղեկավար ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց թիմը կոնսոլիդացիայի շրջանակներում համագործակցում է «Կամք» հասարակական նախաձեռնության հետ, և համամիտ է վերջիններիս հնչեցրած՝ նախարարի հրաժարականի պահանջին։ «Խնդիրը ոչ թե անձն է, այլ նախարարի վարած քաղաքականությունը՝ դրոցականների շրջանում այլասերվածության ներդրում ու քարոզ, հայկականության, հայրենասիրության, ռազմական ոգու և կրոնի հանդեպ ակնածանքի վերացում։ Այսօրվա մեր աշակերտը վաղվա մեր պետության զինվորն է, սահմանապահը, նախարարը, վարչապետը, բանվորը, մանկավարժն ու բժիշկը։ Ինչպիսի՞ պետություն ենք ուզում ունենալ վաղը, երբ այսօր դպրոցում երեխաների համար կարևորում ենք սեռականությունը։ Կարծես բոլորի գերնպատակն է երեխաներին օր առաջ սեռականության նրբություններ բացատրելը»։ Սոնա Աղեկյանը նշեց նաև, որ երբ ծանոթացել է սեռականության մասին չափորոշիչներին, հասկացել է, որ այնտեղ ավելի շատ խոսվում է հակաբեղնավորիչների, քան հղիության մասին։ Չափորոշիչները դրվում են չորրորդ դասարանից։ Նրա բնորոշմամբ՝ երեխայից գողանում են նրա մանկությունը, մղում այլասերման։ Բողոքի ձայն բարձրացնող նախաձեռնությունների, կուսակցությունների ղեկավարները, անդամները նաև ծնողներ են, տարբեր բնագավառների կայացած մասնագետներ և ունակ են հասկանալու սա։
«Այս պահին վտանգված է կրթությունը, ինչը նշանակում է, որ ազգային անվտանգության տեսանկյունից մեր պետությունը վտանգված է։ Արայիկ Հարությունյանին պետք է փոխարինի այն մարդը, որը հանրային քննարկումների արդյունքում կներկայացնի ՀՀ-ում կրթության իր տեսլականը` ազգային գաղափարախոսության ու ռազմահայրենասիրության հենքով։ Մեզ պետք է ունենալ հոգեպես և բարոյապես առողջ սերունդ»,- հավելեց մեր զրուցակիցը, տեղեկացնելով, որ «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող խումբը եկող շաբաթ կազմակերպում է հանդիպում, որին մասնակցելու են մանկավարժներ, գիտնականներ։ ՈՒղիղ եթերով հրավիրատոմս են հանձնելու Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին՝ ակնկալելով իմքայլական խմբակցությունից առնվազն երկու ներկայացուցչի ներկայություն, նաև պահանջելու են ԿԳՄՍ նախարարի ներկայությունը։ «Հանդիպմանը մասնակցելու են մասնագետներ, որոնք վաստակ ունեն, կրթել են բազում հայորդիների ու վաստակել ՀՀ-ում այսքան կարևոր պահի չորս գերատեսչությունների ղեկավարին հարցեր հղելու հնարավորությունը»,- ընդգծեց Սոնա Աղեկյանը։
Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ բողոքող խումբը հանրակրթական չափորոշիչների բովանդակային մասից կա՛մ գաղափար չունի, կա՛մ էլ կեղծում է. նրանք ստում են, երբ ասում են, որ «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան դուրս է գալիս, սեպտեմբերից «Սեռական դաստիարակություն» առարկա է մտնում ծրագրերում, կամ էլ «Հայկական լեռնաշխարհի» փոխարեն «Անատոլիա» է գրված...
Սոնա Աղեկյանի խոսքով՝ նախարարն առանց բավարար հիմքեր ներկայացնելու է արել այդ հայտարարությունը. «Քանի որ կրթության համընդհանուր որոշակի չափորոշիչներ չեն կարողացել ներդնել, ներմուծել են դրանք տարբեր առարկաների ծրագրերում։ Ես իրավունք ունեմ չհավատալու, որպես ծնող ու քաղաքացի պահանջելու հիմքերը, ապացույցները։ Եթե կրթական չափորոշիչները, համընդհանուր քննարկման դնելով, փաստի, որ սուտ են վերոնշյալ փոփոխությունները, մենք ներողութուն կխնդրենք։ Եթե լինեն հայեցի, հայկականությունը ներառող չափորոշիչներ, կասենք, որ միանշանակ կողմ ենք»։ Մեր զրուցակիցը որպես օրինակ նշեց, որ դպրոցներից մեկից տեղեկացել է, որ նրանց մոտ իսպառ վերացրել են «Զինվորական պատրաստվածություն» առարկան։
Հետաքրքվեցինք՝ ինչի՞ է հանգելու պայքարը, եթե նախարարի հրաժարականի պահանջը անկատար մնա։ «Եթե Արայիկ Հարությունյանը չի հեռանալու, ուրեմն հեռանալու է թիմը, որ բերել է նրան, որովհետև քաղաքական դիմագիծը պայմանավորված է ոչ թե մեկ անձով, այլ քաղաքական թիմով, որը ներկայացնում է այսօրվա նախարարը»,- եղավ պատասխանը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ